Ինկոտերմսն իրենից ներկայացնում է միջազգային առևտրային հարաբերությունները կարգավորող տերմինների ամբողջություն: Միջազգային առևտրային տերմիններ ասելով հասկանում ենք միջազգային առք ու վաճառքի պայմանագրերի ստանդարտ պայմաններ: Այս պայմանները սահմանում են առևտրային գործարքի կողմերի պարտականություններն, կարգավորում են բեռի սեփականության իրավունքի, բեռի վնասման, սխալ փաստաթղթային ձևակերպումների հետ կապված պատասխանատվության փոխանցման գործընթացները և այլն:
Առաջին Ինկոտերմսը հրապարակվել է 1936թ, այնուհետև փոփոխվել է 1953, 1967, 1976 թվականներին։ 1980թ․-ից սկսած Ինկոտերմսը սկսվել է պարբերաբար փոփոխվել յուրաքանչյուր 10 տարին մեկ և թարմացվել է 1990, 2000, 2010 և 2020 թվականներին։
Ինկոտերմս 2020-ը մտել է ուժի մեջ 2020թ․-ի հունվարի 1-ից, սակայն հին տարբերակների օգտագործումը նույնպես հնարավոր է հիմա։ Հենց այդ պատճառով բեռնափոխադրման պայմանի մասին հիշեցման ժամանակ պետք է նշել, թե որ թվականի փոփոխության մասին է խոսքը։
Կանոնները իրենցից ներկայացնում են առաջին երեք տառերով կրճատված արտաքին առևտրի տերմիններ, որոնք նկարագրում են աշխարհում տիրող առևտրային պրակտիկան։
Ինկոտերմս 2020-ը ունի բեռի առաքման հիմնական պայմանների 4 խումբ (E, F, C և D): Բաժանվում են ըստ արտաքին առևտրային գործարքի կողմերի միջև պարտականությունների բաշխման։
Խումբ E (Բարձում)
EXW («Ex Works») պայմանի դեպքում ապրանքը վաճառողի պահեստից դուրս հանելու պահից ամբողջ ռիսկերն անցնում են գնորդին։ Արտահանման և ներմուծման բոլոր ձևակերպումները կատարում է գնորդը։
Խումբ F (Հիմնական փոխադրումը վճարում է գնորդը)
FCA ( «FreeCarrier») այս պայմանի դեպքում վաճառողը ապրանքը հասցնում է մինչև ուղարկման նավահանգիստ կամ երկու կողմերի կողմից նախորոք որոշված վայր։ Ապրանքը նշված վայր հասցնելուց հետո բոլոր պարտավորություններն անցնում են գնորդին։ Արտահանման ձևակերպումները կատարում է վաճառողը, իսկ ներմուծման ձևակերպումները՝ գնորդը։
FAS («Free Alongside Ship») այս պայմանի դեպքում վաճառողը ապրանքը հասցնում է մինչև ուղարկման նավահանգիստ և կատարում է բեռնաթափում, այդ պահից սկսած բոլոր պարտականություններն անցնում են գնորդին։ Արտահանման ձևակերպումները կատարում է վաճառողը, իսկ ներմուծման ձևակերպումները՝ գնորդը։
FOB («Free On Board») այս պայմանի դեպքում վաճառողը ապրանքը հասցնում է մինչև ուղարկման նավահանգիստ և նրա պարտականություններն ավարտվում են այն ժամանակ, երբ ապրանքը բարձում է նավի վրա, այդ պահից սկսած ամբողջ ռիսկերն անցնում են գնորդին։ Արտահանման ձևակերպումները կատարում է վաճառողը։
Խումբ C (Հիմնական փոխադրումը վճարում է մատակարարը)
CPT («Carriage Paid To») այս պայմանի դեպքում վաճառողը պետք է ապրանքը հասցնի նախապես որոշված վայր և իր վրա վերցնի բոլոր այն ծախսերը և ռիսկերը, որոնք կապված են դեպի նշված վայր բեռնափոխադրման հետ։
CFR («Cost and Freight») այս պայմանի դեպքում վաճառողը պետք է առաքի ապրանքը մինչև ուղարկման նավահանգիստ և բարձի նավի վրա։ Ապրանքը նավի վրա բարձելուց հետո բոլոր ռիսկերն անցնում են գնորդին։ Արտահանման մաքսային ձևակերպումները կատարում է վաճառողը։
CIP («Carriage and Insurance Paid to») այս պայմանի դեպքում վաճառողն իր վրա է վերցնում ապրանքի՝ մինչև նախապես որոշված վայր տեղափոխման բոլոր ծախսերը, բացի այդ նաև կնքում է ապահովագրության պայմանագիր, որի համաձայն ապրանքը ապահովագրվում է հնարավոր բոլոր ռիսկերից ամբողջ բեռնափոխադրման ընթացքում։
CIF («Cost, Insurance and Freight») այս պայմանի դեպքում վաճառողն իր վրա է վերցնում ապրանքը մինչև նավահանգիստ հասցնելու և նավի վրա բարձելու բոլոր ծախսերը։ Նաև վաճառողը պետք է կատարի արտահանման համար մաքսազերծման ծախսերը։ Ապրանքը նավի վրա բարձելուց հետո բոլոր ռիսկերն ու պարտավորություններն անցնում են գնորդին։
Խումբ D (Առաքում)
DAT («Delivered At Terminal») տերմինը կիրառվում է ցանկացած տեսակի բեռնափոխադրումների ժամանակ: Այս պայմանի դեպքում վաճառողը բեռնաթափված ապրանքը հասցնում է մինչև նախապես որոշված տերմինալ։ Տերմինալ ասելով կարող ենք հասկանալ օդային, երկաթգծային կամ ավտո տերմինալներ, պահեստներ։ Վաճառողը պարտավոր է վճարել ապրանքի՝ մինչև տերմինալ հասցման, և այնտեղ ապրանքի բեռնաթափման համար։
DAP («Delivered At Point») այս պայմանով վաճառողը պարտավորվում է բեռնաթափման պատրաստ ապրանքը հանձնել գնորդին՝ նախապես որոշված վայրում։ Ապրանքը հանձնելուց հետո բոլոր ռիսկերն անցնում են գնորդին։
DDP («Delivered Duty Paid») այս պայմանով վաճառողը պարտավորվում է գնորդին հասցնել մաքսազերծված և բեռնաթափման պատրաստ ապրանք։ Վաճառողն իր վրա է վերցնում բեռնափոխադրման հետ կապված բոլոր ծախսերն ու ռիսկերը։
DPU («Delivered Named Place Unloaded») տերմինը նշանակում է, որ մատակարարը կատարում է արտաքին առևտրի պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները, երբ գնորդին է հանձնում բեռը , որը բեռնաթափվել է նախօրոք ասված վայրում և արտահանման մաքսային ձևակերպումն անցել է (ինչպես նաև,անհրաժեշտության դեպքում վճարվում են արտահանման տուրքեր և հարկեր, եթե կարիքը կա):
DPU-ի առաքման պայմանը «ամենաերիտասարդն» է և առաջին անգամ հայտնվում է Incoterms 2020-ի վերջին տարբերակում՝ փոխարինելով DAT-ի պայմանները (այն ենթադրում էր առաքում միայն մինչև տերմինալ, ոչ թե որևէ այլ վայր, ինչպիսին DPU-ն է):
Տերմինը օգտագործվում է բեռնափոխադրման բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներи դեպքում, որի մեջ ներառվում են կոմբինացված բեռնափոխադրումները և սեփական տրանսպորտային միջոցով բեռնափոխադրում իրականացնելը՝ առանց ներգրավման այլ բեռնափոխադրողների։
DPU Incoterms 2020-ը միակ պայմանն է, որի դեպքում բեռնաթափումը կազմակերպում է մատակարարը իր ուժերով։ Այդ պատճառով, ընտրելով այս պայմանը՝ մատակարարը պետք է հաստատ համոզված լինի, որ ունի բավականաչափ տեխնիկական հնարավորություն բեռնաթափման համար։